Հայաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք․ Պուտին

Հայաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք․ Պուտին

Վալդայի համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այլ հարցերի թվում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին ու նախկին բանակցային փաթեթներին։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը:

«Արդեն Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Բայց մենք չենք պատրաստվում և չենք կարող ոչինչ ստիպել կամ թելադրել։

Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»,- շեշտել է ՌԴ նախագահը։

Ըստ ՌԴ նախագահի, եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է։

«Բայց, իհարկե, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Այդ պայմանավորվածությունները պետք է ընդունելի լինեն նաեւ մյուս կողմի՝ Ադրբեջանի համար։ Սա շատ բարդ և, անկեղծ ասած, ծանր հարց է»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև այլ ընդգծում է արել․ «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը։ Մեծ չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք Հայաստանի առաջարկի վրա»,-ասել է Վլադիմիր Պուտինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում