Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չի լինի:

Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Տիգրան Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում: Դա իր անձնական որոշումն է»,-ասաց Մակունցը:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին:

«Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր արժեքավոր, լավ գործընկերներն են»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հայտնեց, որ կան պատգամավորներ, որոնք ևս ընդգրկված չեն լինի նախընտրական ցուցակում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում