Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և երկու երկրների դեսպանները: Նորին Սրբությունը ողջունել է Լիտվայի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա ներկայացրել Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև շարունակում են զորանալ և ամրապնդվել բարեկամական կապերն ու փոխգործակցությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ՝ Ադրբեջանի որդեգրած այդ դատապարտելի քաղաքականության կանխման և Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության հարցում անհրաժեշտ և կարևոր նկատելով նաև միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը։

Իր հերթին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար՝ անդրադարձ կատարելով երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատի դերակատարությանը: Նախագահը նաև կարևորել է ջանքերի ներդրումը տարածաշրջանում խաղաղության  և կայունության հաստատմանն ի նպաստ:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել ի դեմս նախագահի Լիտվայի իշխանություններին արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Լիտվայի հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Խոսելով ներկայիս երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը Աստծո ողորմությամբ և իր ամուր հավատով ու հաստատակամությամբ կհաղթահարի այս ծանր փորձությունը և առկա բոլոր դժվարությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում