Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 5-ին հաղորդում է ստացել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ կայքից, դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։

 «Ժամը16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքների ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում