Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից
2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում և Երևանում տեղի են ունենալու օգոստոսյան խորհրդակցություններ՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ին Տավուշի մարզից: Օգոստոսի 20-ին խորհրդակցությունները կանցկացվեն Լոռու մարզում, օգոստոսի 21-ին՝ Շիրակի, օգոստոսի 22-ին՝ Գեղարքունիքի, օգոստոսի 23-ին՝ Արմավիրի և Արագածոտնի, օգոստոսի 26-ին՝ Սյունիքի, օգոստոսի 27-ին՝ Վայոց ձորի, օգոստոսի 28-ին՝ Արարատի, օգոստոսի 29-ին՝ Կոտայքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին՝ Երևանում:
Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Խորհրդակցությունները կվարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կկազմակերպվի կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:
Կարծիքներ