Ազատ է արձակել Al-Jazeera-ի 2016 թվականից կալանավորված լրագրողը
Եգիպտոսի իշխանությունները ազատ են արձակել Al-Jazeera հեռուստաընկերության լրագրող Մահմուդ Հուսեյնին, ով ավելի քան չորս տարի կալանավորված էր, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հուսեյնի ընտանեկան փաստաբանին:
Լրագրողը ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել շաբաթ կեսօրին՝ մի քանի օր անց այն բանից, երբ դատարանը նրա պայմանական ազատման մասին որոշում է կայացրել՝ մինչեւ կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ արգելված խմբին պատկանելու մեղադրանքների հետաքննության ավարտը, ասել է փաստաբան Համալ Էյդը։
Փաստաբանը նշել է, որ Հուսեյնը ստիպված կլինի շաբաթը երկու անգամ ներկայանալ մոտակա ոստիկանական բաժանմունք:
Լրագրողի դուստր Էլ-Զահրա Հուսեյնը Facebook-ում հաստատել է այն լուրը, որ հայրը տուն է վերադարձել: Նրա ազատման մասին հայտնել է նաեւ Al-Jazeera հեռուստաալիքը:
Կատարի արբանյակային ցանցում աշխատող եգիպտացի Հուսեյնը ձերբակալվել էր Կահիրեի օդանավակայանում՝ 2016-ի դեկտեմբերին, երբ Դոհայից արձակուրդ էր եկել, հայտնում է հեռուստաալիքը:
2013-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսի իշխանություններն ու իշխանամետ լրատվամիջոցները իսլամիստներին, հատկապես արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հանդեպ համակրանքի համար հեռուստաալիքը ներկայացնում էին որպես Եգիպտոսի պետական թշնամի:
Ցանցը, հատկապես նրա արաբական ծառայությունը եւ նրա աշխատակիցները ներգրավված են եղել Կահիրեի եւ Դոհայի միջեւ քաղաքական ավելի մեծ պառակտման մեջ: Եգիպտոսի իշխանությունները 2017 թվականից արգելափակել են Al-Jazeera-ի լրատվական կայքը, ինչպես նաեւ տասնյակ այլ լրատվական կայքեր:
Կարծիքներ