Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան
Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա:
Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:
«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա:
Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը:
Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:
«Սննդամթերքի բարձր գների պատճառով մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև, և կառավարությունն այս առումով մի քանի գործողություն է պատրաստում: Բարձրանալու են նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ասաց նա:
Կարծիքներ