Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը: Փաշինյանն այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:
«Այս աշխատանքն, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծելու դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին` մենք շարունակում ենք որոնել կառուցողական լուծումներ: Մենք Միության անդամ երկրների 2021-2022 թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը համարում ենք որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք: Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձևավորման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա»,- ասել է Փաշինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը կիսում են նաև մյուս գործընկերները: «Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու ընդհանուր մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ամբողջ Միության շահերին, Եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղաադրիչն է: Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակասլաց և հետևողական աշխատանքի վարումը` Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:
Կարծիքներ