Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով
«Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը»
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով:
Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ և ստացել վերջիններիս էլեկտրոնային գրքերի բազաներից օգտվելու հնարավորություն:
Դրանք են․
Միջազգային էլեկտրոնային գրադարաններ
1. World Digital Library - Համաշխարհային թվային գրադարանը (WDL) ԱՄՆ նախագիծ է: Այն Կոնգրեսի գրադարանն է, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ և աշխարհի տարբեր երկրների գրադարանների, արխիվների, թանգարանների, ուսումնական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: WDL- ն ինտերնետում բազմալեզու ձևաչափով հասանելի է դարձնում բոլոր երկրների մշակույթների կարևոր և առաջնային նյութեր:
2. Economist - Տնտեսությանն առնչվող նորությունների պարբերական է, ներառում է աշխարհի բոլոր երկրներում առկա տնտեսական իրավիճակի մասին նորություններ, վերլուծություններ, համեմատություններ։
3. JSTOR-ը թվային գրադարան է գիտնականների, հետազոտողների և ուսանողների համար։ Հավաքածուներում ընդգրկված են գիտական աշխատություններ, գրականության մասին ամսագրեր, գիտական մենագրություններ, վստահելի ինստիտուտների հետազոտական զեկույցներ, 250-ից ավել հայտնի գիտնական հրատարակիչների ավելի քան 85,000 դասագիրք:
4. LexisNexis - Իրավական, կարգավորող և գործարար տեղեկատվության և վերլուծության առաջատար գլոբալ մատակարար է․ օգտակար է փաստաբանների, կորպորացիաների համար, գործընկեր է առաջատար համաշխարհային ասոցիացիաների և հաճախորդների հետ։
5. EUR-lex - ԵՄ օրենսդրության առցանց հարթակ է, որն ապահովում է ԵՄ իրավաբանական փաստաթղթերին պաշտոնական և առավել ընդգրկուն հասանելիություն: Հասանելի է ԵՄ բոլոր 24 պաշտոնական լեզուներով, որը թարմացվում է յուրաքանչյուր օր:
Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ
6. ՀԱՀ Հայ մատենագրության թվանշային գրադարան - «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում տեղադրված են բաց մատչելիության տեքստեր, գրքեր և հոդվածներ։
7. Մատենադարանի թվային գրադարան - Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի թվային գրադարանն է, որտեղ առկա են բազմաթիվ էլեկտրոնային ոչ միայն պատմական գրքեր, այլև գիտահետազոտական հրատարակություններ, որոնք հասանելի են հանրությանը։
8. ՀԱԱՀ գրադարան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ կան բազմաթիվ էլեկտրոնային գրքեր օգտակար հետազոտություններ կատարելու կամ օրենսդրություն մշակելու համար։
9. ԵՊՀ հրատարակչություն - Երևանի պետական համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ հասանելի են տարբեր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ էլեկտրոնային գրքեր, գիտահետազոտական աշխատություններ»։
Կարծիքներ