Հակոբ Արշակյանը կարևորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի այցը մեր երկիր

Հակոբ Արշակյանը կարևորել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի այցը մեր երկիր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Կարևորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը:

Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են:

Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում  կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը:

Միխայիլ Շվիդկոյը ևս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը և հավելել, որ երկու երկրների միջև ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հյուրի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը: Այս հարցում Միխայիլ Շվիդկոյն ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը: Քննարկվել են նաև հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում