Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում  ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի  կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունն, այս  մասին Իրավանին հայտարարել է մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Յամազակի Կազույուկիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ կտրականապես մերժելով Իրանի դեմ մեղադրանքները՝ նշելով, որ Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է ստի, ապատեղեկատվություն է տարածել և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Իրանի  հասցեին:

Նա նշել է, որ Իսրայելի արտգործնախարարի նամակը ներկայացնում է Իսրայելի հերթական ցինիկ փորձը՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ  իրականացվող վայրագություններից և ցեղասպանություններից:

«Իրանը նաև վերահաստատում է Սիրիայի և Լիբանանի անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ի պատասխան Իսրայելի  կողմից իր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ հարձակումների»,-եզրափակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում