Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Սխերմերսը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն․սա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի»,- ասել է Սխերմերսը։
Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում և Ադրբեջանում են գտնվել Եվրամիության երկրների ներկայացուցիչներ՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ովքեր այցի շրջանակներում քննարկել են նաև գերիների վերադարձի հարցը։
Նիդերլանդների դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է, ինչը նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումն է։ Դեսպանը շոկային է համարում պուրակի բացումը և գտնում է, որ այն չի նպաստում խաղաղությանը։
«Ակնկալում ենք վստահության մթնոլորտի ձևավորում։ Կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն»,- եզրափակել է Նիդերլանդների դեսպանը։
Կարծիքներ