Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի մասնակից 101 վետերան

Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի մասնակից 101 վետերան

Հայաստանում Հայրենական պատերազմի մասնակից 101 վետերան է ապրում: Նրանցից ամենաերիտասարդը 96 տարեկան է, ամենատարեցը՝ 101:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանն ասաց, որ 101 վետերաններից 11-ը կանայք են:

Սիմոն Եսայանը նշեց, որ այս տարի Հայաստանում ապրող վեց վետերան կնշի 100 ամյակը:

«Այս պահին վետերաններ կան և Երևանում, և մարզերում»,-հավելեց նա:

Անդրադառնալով մայիսի 9-ի միջոցառումներին՝ Սիմոնյանն ասաց, որ այդ օրը Հաղթանակի այգում վետերանները պսակ և ծաղիկներ կդնեն անհայտ զինվորի գերեզմանին, կմասնակցեն զինվորական շքերթին, որից հետո նրանց կհյուրընկալեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Հայրենական պատերազմին մասնակից վետերաններին պետության կողմից տրամադրվում են պատվովճարներ, պարգևավճար և կենսաթոշակ:

«Պատվովճարը, որը տրամադրվում է հատուկ խումբ քաղաքացիներին, ամսական 100 հազար դրամ է կազմում: Հայաստանում պատվովճար է ստանում 132 վետերան: Պարգևավճարի ու կենսաթոշակի չափը հստակ ֆիքսված չէ»,-տեղեկացրին նախարարությունից:

Գերատեսչությունը տարվա կտրվածքով 18 միլիոն դրամ է տրամադրում Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում հասարակական կազմակերպությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում