Ծնվել է շուշեցի կամավորականի դուստրը՝ Վալերիան. հայրը՝ Վալերին, զոհվել է Ֆիզուլիում

Ծնվել է շուշեցի կամավորականի դուստրը՝ Վալերիան. հայրը՝ Վալերին, զոհվել է Ֆիզուլիում

Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան: Այդ մասին տեղեկանում ենք Սիսիանի բժշկանական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։

Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։

Ավաղ՜․․․

Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, ում հետ ուս-ուսի տված կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքը իր երեք երեխաների համար և՛ մայր է և՛ հայր։

Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ փոքրիկի լույս աշխարհ գալով այսուհետ հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առաջ։

Նաև վստահ է՝ Կյանքը հաղթում է պատերազմին և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք և ուժ ստանանք»,-նշվում է ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում