Խոշտանգման հանցակազմով գործերը կքննի ՀՀ քննչական կոմիտեն
Գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում: ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո խոշտանգման հանցակազմով գործերը կքննի ՀՀ քննչական կոմիտեն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ապրիլի 21-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերի քննությունն առաջարկվում է տալ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:
Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Փոխնախարարն ընդգծել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել է միայն տեխնիկական բնույթի փոփոխություն:
Նախագծերի փաթեթով կապահովվի խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումն անկախ մարմնի կողմից:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Կարծիքներ