ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից բանկերի փոխառությունների ծավալը 7 օրում հասել է ռեկորդային 164,8 մլրդ դոլարի
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից (ԴՊՀ) բանկերի կողմից շտապ փոխառությունների միագումար ծավալը յոթ օրվա ընթացքում հասել է ռեկորդային 164,8 միլիարդ դոլարի:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ինչպես հետևում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները կատարող Դաշնային պահուստային համակարգի հաշվետվությունից, մարտի 15-ին ավարտված յոթ օրվա արդյունքներով մինչև 90 օր ժամկետով վարկերի ծավալը կազմել է մոտ 152,8 մլրդ դոլար։
Որոշ բանկեր օգտվել են այս շաբաթ Դաշնային պահուստային համակարգի կողմից բացված նոր վարկային գծից։ Այն թույլ է տալիս վարկ վերցնել մեկ տարով։ Այս ծրագրով փոխառությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,9 մլրդ դոլար։ Մարտի 8-ին ավարտված յոթ օրվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգից բանկերի միագումար փոխառությունների ծավալը կազմել է շուրջ 4,58 միլիարդ դոլար: Նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ մոտ 111 միլիարդ դոլար, արձանագրվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
Դաշնային պահուստային համակարգի հաշվետվության համաձայն՝ կարգավորող մարմինը նաև մոտ 142,8 միլիարդ դոլար է ուղղորդել այն կարիքների համար, որոնք վերաբերում են Silicon Valley Bank-ի (SVB) և Signature Bank-ի սնանկացման հետ կապված իրավիճակի կարգավորմանը։ Մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը հայտարարել էր SVB բանկի սնանկացման մասին։ Այն հիմնականում սպասարկում էր տեխնոլոգիական հատվածի աշխատողներին և վենչուրային կապիտալով ֆինանսավորվող ընկերություններին: Signature Bank-ը փակվել է մարտի 12-ին՝ Նյու Յորք նահանգի պրոֆիլային մարմնի որոշմամբ:
Կարծիքներ