Արցախի ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվա առիթով մի խումբ ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան բոլոր պատերազմների ընթացքում նահատակված հերոսների հիշատակը, որին հաջորդել է ՆԳ նախարարության հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ասրյանի օրհնության ու հիշատակի խոսքը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել համակարգի բոլոր այն նվիրյալներին, ովքեր խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում անձնուրաց ծառայում են հայրենիքին, դրսևորելով մասնագիտական ու կարգապահական որակներ:
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հասարակական կարգի պահպանության գործում ունեցած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար՝ «Արիություն», «Մարտական ծառայություն» մեդալներով և դրամական խրախուսանքով պարգևատրվել են համակարգի 20 ծառայողներ, ևս 2 ծառայողի վաղաժամկետ շնորհվել է գնդապետի կոչումներ:
Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի հրամանով՝ ոստիկանության 15 ծառայող արժանացել են պատվոգրերի, հուշանվերների և թանկարժեք նվերների:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, հանցավորության դեմ պայքարի և ոստիկանության համակարգում անբասիր ծառայության համար, ինչպես նաև ի նշանավորումն ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա 20-րդ տարեդարձի՝ ՀՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության 17 ծառայողներ արժանացել են «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական, «Համագործակցության ամրապնդման համար», «Ոստիկանության գերազանց ծառայության համար» մեդալների ու կրծքանշանների:
ԱՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հրամանով՝ համակարգի 15 ծառայող մասնագիտական օրվա կապակցությամբ պարգևատրվել են «Մարտական համագործակցության համար» մեդալով, թանկարժեք նվերներով և դրամական խրախուսանքով:
ԱՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Ն.Գրիգորյանի հրամանով՝ հուշանվերով պարգևատրվել է 4 ծառայող: ԱՀ գլխավոր դատախազի Գ.Ներսիսյանի հրամանով՝ թանկարժեք նվերների են արժանացել 7 ծառայողներ: ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի հրամանով՝ «Համագործակցության համար» մեդալմեդալով պարգևատրվել է ոստիկանության 11 ծառայող: ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով ու հուշանվերներով պարգևների է արժանացրել ոստիկանության 15 ծառայողի:
ՆԳ նախարար գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության 2 ծառայողի վաղաժամկետ շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանով ևս 15 ծառայողներ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալներով, 9 ծառայող «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով, 45-ը՝ դրամական պարգով: Համակարգի 10 վետերաններ ևս խրախուսվել են դրամական պարգևով, 5 ծառայողից հանվել է նախկինում նշանակված կարգապահական տույժը:
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը շնորհավորանքներ է ստացել ԱՀ և ՀՀ տարբեր գերատեսչություններից ու քաղաքացիներից:
Կարծիքներ