Պեսկովը պատասխանել է Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին
Ռուսաստանի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներում սերտ շփումները թույլ կտան հստակեցնել հարցերը, որոնք Երևանն ունի՝ կապված ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը: Կարևորը կյանքի կոչել բոլոր պարտավորությունները, որոնք այդ փաստաթղթերով կողմերը ստանձնել են: Եթե կան հարցեր, ապա, անկասկած, պետք է դրանց պատասխանել: Միևնույն ժամանակ, հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում ունենք սերտ շփումներ, որոնք մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- ասել է Պեսկովը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:
«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:
Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշտումը: Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասել էր Փաշինյանը:
Կարծիքներ