Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեղորայք ու վիրահատական սարքավորումներ է ուղարկում Լիբանան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեղորայք է ուղարկում Լիբանան՝ Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունից տուժած 500 վիրավորի բուժման նպատակով, ինչպես նաև՝ վիրահատական սարքավորումներ՝ պայթյունից տուժած և վիրահատական միջամտության կարիք ունեցող ևս 500 մարդու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ բժշկական օգնություն ուղարկելու խնդրանքով ԱՀԿ էր դիմել Լիբանանի կառավարությունը՝ հումանիտար օգնություն խնդրելով նաև բարեկամ պետություններից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, ավելի քան 70 մարդ է զոհվել, կա շուրջ 4000 վիրավոր:
Պայթյունի պատճառն, ըստ Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆամիի, պայթյունավտանգ ամոնիումի նիտրատի (ամոնիումային սելիտրա) բռնկումն է եղել:
Միևնույն ժամանակ «Ալ-Մայադին» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:
Կարծիքներ