Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանն ու Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում են
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ ուժերն է չափել Թուրքիայի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Հայ ըմբիշը, 0:5 հաշվով զիջելուց հետո, կամային բարձր որակներ է դրևորել և արդյունքում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ և անցել հաջորդ փուլ: 1/4 եզրափակչում արդեն Ամոյանը 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Այսօր պայքարի դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 6:0 հաշվով առավելության է հասել Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:0 հաշվով ուժեղ է գտնվել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջել է մրցակցին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտվել են մեկնարկում:
Թադևոսյանը պայքարը պետք է սկսեր որակավորման փուլից, սակայն վերջինիս մրցակիցը՝ Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն, չի ներկայացել գոտեմարտին և հայ ըմբիշն անցել է հաջորդ փուլ: 1/8 եզրափակչում Թադևոսյանը գոտեմարտել է անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկևիչի հետ, սակայն զիջել է մրցակցին:
Հայաստան հավաքականի մյուս անդամ, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում չի կարողացել հաղթահարել շվեդ Ալեքսանդր Բիկայի արգելքը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան և Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալային գոտեմարտերը կցուցադրի Առաջին ալիքը:
Կարծիքներ