Ռազմական դատարանը կորոշի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուներին
Լիբանանի արտաքին գործերի նախարար Շարբել Վեհբեն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մեղավորներին կորոշի ռազմական դատարանը։ Այս մասին հաղորդվում է Al Mayadeen-ը։
Նախարարը հավելել է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին: Նա ընդգծել է, որ երկրի դատական համակարգը լիազորված է որոշում կայացնել հետաքննության գործընթացում օտարերկրյա փորձաքննություն ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ:
Նախարարը նաև հայտարարել է, որ կապ է հաստատել ավելի քան 30 պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, և նրանք բոլորը պատրաստակամություն են հայտնել հանդիպել իր հետ:
Ինչպես հաղորդվել է, Ինտերպոլի մասնագետները մեկնել են Լիբանան՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառներն ուսումնասիրելու համար:
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառի երեք վարկած կա: Ըստ վարկածներից մեկի՝ «կա արտաքին միջամտության հավանականություն»: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ կարող էին դառնալ ռումբը կամ հրթիռը։ Մյուս երկու վարկածներն անփութություն կամ դժբախտ պատահար են ենթադրում:
Կարծիքներ