Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով

Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով

Վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժում կստանան եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով։ Հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Հետպատերազմյան ժամանակահատվածում կարևորագույն խնդիրը մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումն է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր բժշկական համալիրի պրոթեզավորման և վերականգնողական կենտրոնը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կօգնեն հաշմանդամություն ստացած զինծառայողներին առողջության վերականգնումից հետո լիարժեք կյանք վարել:

Բժշկական համալիրի ԱրԲեՍ վերականգնողական մասնաճյուղ շրջայցի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Արաբկիր ԲՀ կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը տեղում ծանոթացան արդեն գործող պրոթեզների արտադրամասի աշխատանքներին և հաստատեցին, որ նախատեսված վերազինումը օժանդակելու է հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների առողջության վերականգնմանը:

Այս կենտրոնն ունեցել է մանկական վերականգնողական ուղղվածություն, սակայն այժմ գործում է նաև մեծահասակների առողջության վերականգնման բաժանմունքը:

Նշվում է, որ բժշկական համալիրը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր նոր մասնաշենքի կառուցման գործընթացը, որն ավարտին կհասցվի գարնանը: Համահայկական հիմնադրամը իր հերթին կապահովի ժամանակակից սարքավորումներ նորակառույց բաժանմունքի համար:

Հիմնադրամը դեռ պատերազմի օրերին բանակցում էր միջազգային մի շարք ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են հետպատերազմյան վերականգնողական բուժման համար հոգեբանական աջակցության տրամադրման և պրոթեզավորման/օրթեզավորման սարքավորումների արտադրության ոլորտներում:

Հիմնադրամը հայտնում է, որ սա կլինի համահայկական ջանքերով վերազինված երկրորդ կենտրոնը Երևանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում