ԱՀԿ-ն բացատրել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերհովեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի հայտնաբերված մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու է, քան նախկինում հայտնի մուտացիան, եւ 70 տոկոսով ավելի վարակիչ:
«Եթե ձեզ մոտ բարձրանում է վիրուսի փոխանցման արագությունը, ապա ձեզ մոտ ավելի շատ վարակման դեպքեր կգրանցվեն: Ես գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, սակայն եթե ձեզ մոտ ավելի շատ դեպքեր կան, ապա կաճի հոսպիտալացումների թիվը…Այն դեպքում, երբ կա առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն, ձեզ մոտ կավելանա մահացությունը, քանի որ համակարգը ծանրաբեռնված է»,-ասել է Կերհովեն:
Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան մեծամասամբ ազդում է երեխաների վրա եւ նրանց կողմից ավելի ակտիվ փոխանցվում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ «բրիտանական» շտամը հայտնաբերվել է արդեն 60 երկրներում:
Կարծիքներ