Փրկարարները ձեռք կբերեն էլեկտրական եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների հետ կապված աշխատանքների անվտանգության գիտելիքներ

Փրկարարները ձեռք կբերեն էլեկտրական եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարների հետ կապված աշխատանքների անվտանգության գիտելիքներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փրկարար ծառայության մայոր Հովսեփ Բադալյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը, փ/ծ լեյտենանտ Սերյոժա Մարտիրոսյանը եւ վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Վահրամ Ավոյանը մշակել են էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության մասին դասընթաց, որը կներդրվի ՃԿՊԱ-ում փրկարարների վերապատրաստման տարեկան պլանում:

Ինչպես տեղեկացրին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացման թեմաներով վերապատրաստումներ կազմակերպվում են ամեն տարի: Այս ծրագիրը բացառապես էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարներին է վերաբերում:

«Այսօր ՃԿՊԱ ղեկավարության եւ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի, փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ խորհրդակցությունում վերապատրաստման ծրագիրը հաստատվեց:

Հովհաննես Եմիշյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների քանակն ավելանում է, ու տրանսպորտային վթարներին առաջինն արձագանքողները՝ այդ թվում՝ փրկարարները պետք է իմանան ինչպես վարվել, որ մարդկանց օգնեն, ոչ թե վնասեն իրենց:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցները ունեն գերտաքանալուց ինքնահրկիզման, հարվածի դեպքում՝ բռնկման հավանականություն: Էլեկտրական մեքենայի մի համակարգի խափանման դեպքում կարող են չաշխատել այլ համակարգեր՝ վթարից դռները չտուժեն, բայց չբացվեն, ղեկը չպտտվի եւ այլն: Էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներ արտադրում են բազմաթիվ ընկերություններ եւ դրանց կառուցվածքները տարբեր են՝ մեքենաների տարբեր հատվածներում են մարտկոցները, հոսանքի փոխակերպիչներն ու ուժեղացուցիչները, բարձր լարման հոսքագծերը եւ այլն: Այս ամենը փրկարարի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու՝ ինչպես մեքենայից հանել արգելափակված քաղաքացուն, ինչպես հոսանքազրկել վթարված մեքենան, ուստի այս թեմայով վերապատրաստումն անհրաժեշտություն է: ՃԿՊԱ մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանում առկա ամենատարածված էլեկտրական եւ հիբրիդ մեքենաներն ու ըստ դրա կազմել վերապատրաստման դասընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջին՝ արտապլանային դասընթացները, կկազմակերպվեն արդեն այս փետրվարին՝ Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար: Միաժամանակ փրկարար ծառայությունը ձեռք կբերի էլեկտրական մեքենաների վթարների դեպքում կիրառվող հատուկ գույք եւ գործիքներ:

Ըստ աղբյուրի՝ ՃԿՊԱ-ում մտադիր են մշակել վերապատրաստման ծրագիր արեւային մարտկոցներով համալրված շինություններում փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների անվտանգության թեմայով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում