Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը
Արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են նախորդ տարվանից մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհի 5 կիլոմետր 900 մետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Մարտունի-Վարդենիս ճանապարհի տվյալ հատվածի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարության պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, իրականացնողը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է ճանապարհի
1-կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է շուրջ 195,5 միլիոն դրամ։ Մնացած 4,9 կիլոմետրի հիմնանորոգման համար այս տարի կծախսվի շուրջ 548 միլիոն դրամ։ «Հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում»,- ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։
Կարծիքներ