Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Հենց այդ պատճառով էլ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի չի ունեցել:
Վրաստանի նախագահի աշխատակազմն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, այն ներկյացանում ենք ստորև.
Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»,- ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը բանակցություններ են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Բագրատիոն-Մուխրանի իշխանների կալվածքում՝ Շատո Մուխրանիում։
Տպել
Կարծիքներ