Քննարկվել են Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և պատգամավոր Արսեն Թորոսյանը փետրվարի 23-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին և Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Հայ պատգամավորները ներկայացրել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման` Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, համաձայն որի՝ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ստանձնած պարտավորություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Ֆրանսուա Ալֆոնսին ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել նախորդ օրը Սյունիքի մարզ կատարած այցին:
Եվրոպացի պատգամավորը հետաքրքրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությամբ՝ միաժամանակ կարևորելով վերջինիս կատարած աշխատանքները ԵՄ մարմինների հետ: Քննարկվել է տարբեր ձևաչափերում համատեղ ծրագրերի հնարավորությունը: Ընդգծվել է, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերն օրեցօր մեծանում է:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ