Հորդանանում կստեղծեն կորոնավիրուսից ազատ «ոսկե գոտի»

Հորդանանում կստեղծեն կորոնավիրուսից ազատ «ոսկե գոտի»

Հորդանանում պատրաստվում են ստեղծել կորոնավիրուսից ազատ «ոսկե գոտի» զբոսաշրջիկների համար, որը կներառի Վադի Ռամը, Պետրան եւ Մեռյալ ծովը, հաղորդում է Arab News-ը: Կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Սախեր Դուդինը հայտարարել է տեղի ԶԼՄ-ներին, որ այդ տարածքում մուտքը սահմանափակ կլինի: Բոլոր այցելուները պետք է պատվաստվեն: Այդ կանոնը կգործի ինչպես հյուրերի, այնպես էլ տեղի բնակիչների եւ զբոսաշրջության ոլորտի աշխատողների նկատմամբ, հավելել է նա:

Զբոսաշրջության եւ հնությունների նախարարության գլխավոր քարտուղար Իմադ Հիջազինի խոսքով՝ առողջապահության նախարարությունը հոգ է տարել, որ գոտին լինի անվտանգ բոլոր շահագրգիռ կողմերի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեզ անհրաժեշտ է աշխատել միասին, որպեսզի պատվաստվեն բոլոր մարդիկ, որոնք բնակվում են այդ շրջանում, եւ զբոսաշրջության ոլորտի այն աշխատակիցնրեը, որոնք գտնվում են մշտական շփման մեջ հյուրերի հետ, այդ թվում՝ ռեստորանների աշխատակիցները, վարորդները, զբոսավարները եւ նրանք, ովքեր մատակարարում են հյուրանոցները սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով»,-ասել է զբոսաշրջային ընկերության գործադիր մենեջեր Հաննա Սավալան:

Ընդ որում՝ իշխանությունները խոստովանում են, որ երկրում իրավիճակը բարդ է. Ամանում վերակենդանացման բաժանմունքների մահճակալները 76 տոկոսով զբաղված են:

Սակայն նախարար Դուդինը հույս ունի, որ մարտի վերջում Հորդանանը կստանա բավարար քանակությամբ պատվաստանյութեր զանգվածային պատվաստումներ իրականացնելու համար:

«Մենք ակնկալում ենք, որ այս ամսվա վերջում մենք կունենանք երեք միլիոն դեղաչափ, եւ եթե ջանասիրաբար աշխատենք, ապա ամռանը երկրում իրավիճակը զգալիորեն կբարելավվի»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում