Եվրահանձնաժողովը հրապարակել է Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության իր այլընտրանքը

Եվրահանձնաժողովը հրապարակել է Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության իր այլընտրանքը

Եվրահանձնաժողովը մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում ենթակառուցվածքների, թվային եւ կլիմայական նախագծերում 300 միլիարդ եվրոյի ներդրման ծրագիր է ներկայացրել՝ որպես Չինաստանի «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնության ավելի լավ այլընտրանք, հայտնում է Reuters-ը:

Սխեման, որը կոչվում է Global Gateway, նպատակ ունի ամրապնդել եվրոպական մատակարարման շղթաները, խթանել առեւտուրը ԵՄ-ում եւ օգնել կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ կենտրոնանալով թվայնացման, առողջության, կլիմայի եւ էներգետիկայի, ինչպես նաեւ տրանսպորտի, կրթության և հետազոտական ​​ոլորտների վրա:

Չինաստանն իր «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագիծը, որն ուղղված է մնացած աշխարհի հետ առեւտրային կապերի զարգացմանը, գործարկել էր 2013 թվականին եւ մեծ ներդրումներ էր կատարել ենթակառուցվածքների զարգացման մեջ աշխարհի տասնյակ երկրներում:

Բայց ԵՄ պաշտոնյաները պնդում են, որ Պեկինի կողմից առաջարկվող ֆինանսավորման պայմանները հաճախ «անբարենպաստ են, անթափանց եւ որոշ ավելի աղքատ երկրների, հատկապես` Աֆրիկայում, կախվածության մեջ են գցում Չինաստանից պարտքերի պատճառով»:

«Իսկապես, երկրներին ավելի լավ եւ այլ առաջարկներ են պետք»,- մամուլի ասուլիսին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ սխեման, որը նա «իրական այլընտրանք» է անվանել:

Դրամական միջոցները` ԵՄ դրամաշնորհների, վարկերի եւ երաշխիքների տեսքով, կստացվեն ԵՄ կառույցներից, կառավարություններից, ինչպես նաեւ ԵՄ ֆինանսական հաստատություններից եի զարգացման ազգային բանկերից: «ԵՄ-ն իր ֆինանսավորումը կառաջարկի արդար եւ բարենպաստ պայմաններով՝ պարտքային ճգնաժամի ռիսկը սահմանափակելու համար»,- ասվում է Հանձնաժողովի հայտարարության մեջ:

ԵՀ-ն հայտարարել է, որ Global Gateway պլանը նպատակաուղղված կլինի ուրիշների հետ կապերի հաստատմանն` «առանց կախվածության ստեղծման»: «Այն կենտրոնանալու է ֆիզիկական ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են օպտիկամանրաթելային մալուխները, մաքուր տրանսպորտային միջանցքները, մաքուր էլեկտրահաղորդման գծերը՝ թվային, տրանսպորտային եւ էներգետիկ ցանցերի ամրապնդման համար»,- հայտարարել է Հանձնաժողովը:

ԵՀ-ն հայտարարել է, որ, օգնելով այլ երկրներին, ԵՄ-ն նաեւ առաջ կտանի իր սեփական շահերը եւ կամրապնդի իր մատակարարման շղթաները, որոնց խոցելիությունն ակնհայտ է դարձել COVID-19 համավարակի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում