Բավարիայի պաշտպանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Բավարիայի պաշտպանը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Լուկաս Էրնանդեսը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման իր ներկայիս կնոջը՝ Ամելիա դե լա Օսա Լորենտեին մոտենալու արգելքը խախտելու համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Մադրիդի Բարձրագուն դատարանի պրես-ռելիզում։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

Դեռ 2017-ին, երբ նա «Ատլետիկոյի» խաղացող էր, ծեծել էր դե լա Օսա Լորենտեին, որն այն ժամանակ ֆուտբոլիստի ընկերուհին էր։ Տեղի դատարանը գործը քննելուց հետո վճիռ էր կայացրել․ 31 օր հասարակական աշխատանք և 500 մետրից ավելի ընկերուհուն մոտենալու արգելք։

Ավելի ուշ զույգը վերամիավորվեց և հենց 2017-ին էլ կայացավ նրանց հարսանիքը։ Այնուամենայնիվ Ամելիին մոտենալու արգելքը պահպանվեց, իսկ այս ամառ Լուկասը նրա հետ հանգստի էր մեկնել։ Դատարանը դա համարել է արգելքի խախտում ու ֆուտբոլիստին 6 ամիս ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրել։

Ինչպես հաղորդում է AS-ը՝ ֆուտբոլիստն արդեն բողոք է ներկայացրել այս որոշման դեմ, որի քննությունը կկայանա հոկտեմբերի 19-ին։ Էրնանդեսը պարտավոր է անձամբ ներկա լինել գործընթացին։

Հետաքրքրական է, որ դատարանի որոշումը հիմնված է ոչ թե Լուկասի ու Ամելիայի միասին արված լուսանկարների վրա, այլ այն փաստի, որ արձակուրդից զույգը վերադարձել է նույն ինքնաթիռով։