Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին և մայիսի երկրորդ կեսին Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երևան այցին:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:
Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը և ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարևորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու և զարգացնելու առաքելություն է վերագրված հայ և վրացի պաշտոնյաներին:
Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է:
Կարծիքներ