ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև:
Բանաձևի հեղինակներն անդրադարձել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Այդ գործողությունները որակվել են որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի աղաղակող խախտումներ:
Անդրադարձ է կատարվում նաև 2020 թ. Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, նշվում է, որ այժմ այդ նույն գործողությունները շարունակվում են Հայաստանի տարածքում:
Հաշվի առնելով այս և այլ հանգամանքներ՝ կոնգրեսականները Սենատից պահանջել են դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Նրանք պահանջել են, որ Ադրբեջանը պահպանի սեպտեմբերի 14-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ազատ արձակի գերիներին և պահվող քաղաքացիական անձանց:
Բանաձևում ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արվում դիտարկել Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումը: Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ են արել հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների համար դիտարկել Ադրբեջանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Կարծիքներ