Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում անդրադարձել ԼՂ հիմնախնդրին

Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում անդրադարձել ԼՂ հիմնախնդրին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից։

«Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով  կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում եւ խաղաղության հաստատման ճանապարհին: Տիկին Հակոբյանն իր ելույթում  հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով, նաեւ շեշտել՝ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար: «Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,-նշել է Աննա Հակոբյանը:

Ըստ աղբյուրի՝ կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մասնակիցների թվում են նաեւ կին խորհրդարանականներ, իշխանության գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների, գլոբալ կորպորացիաների, գործարար շրջանակների, գիտական հանրության, հասարակական կազմակերպությունների եւ բարեգործական նախագծերի ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ: Համաժողովի գործնական ծրագիրը ներառում է պլենար նիստեր, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ռազմավարական եւ փորձագիտական նստաշրջաններ, բանավեճային հարթակներ, այդ թվում՝ հասարակական կարծիքի առաջնորդների հետ, պետական-մասնավոր բիզնես-երկխոսություններ, վեբինարներ եւ գործարար նախաճաշեր:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:

Նշվում է, որ համաժողովին հաջորդել է Աննա Հակոբյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարեւորվել է կանանց դերը խաղաղության հաստատման եւ ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում