Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարևորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը:

Արման Եղոյանն արժևորել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի իրականացումը, որը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի համար իրականացվում է առաջին անգամ և մեծ դեր ունի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագրի միջոցով երկու խորհրդարանների կապերն էլ ավելի կամրապնդվեն:

Զրուցակիցները արժևորել են խորհրդարանների վերահսկողական և ներկայացուցչական գործառույթների իրականացումը:

Օրենսդիրները խոսել են հայ և հույն ժողովուրդներ՝ դարերի պատմություն ունեցող բարեկամությունից, ընդհանուր մարտահրավերներից:

Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը, կարևորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումը:

Պատգամավորները նաև ընդգծել են տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում