Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:
Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ վճարողն իր կարգապահությամբ հավաստում է պետության հանդեպ ունեցած պատասխանատվության ընկալումը՝ որպես լոկոմոտիվ ապահովելով սեփական երկրի առաջընթացն ու զարգացումը:
Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը, քանի որ հարկային եկամուտների ցուցանիշներն էապես կախված են նաև ֆիզիկական անձանց և տնտեսվարողների շրջանում հարկ վճարելու գործընթացի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Ցավոք, պատմական իրադարձությունների բերումով, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց: Այս կաղապարից և նմանօրինակ պատկերացումներից օր առաջ ձերբազատվելը խիստ հրամայական է:
Այժմ, անկախ պետության գոյության պայմաններում, քաղաքացիներն ու գործարարները հարկ վճարելն առաջնահերթորեն պետք է ընկալեն որպես ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության ապահովման գործում: Պատկերավոր ասած՝ հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով: Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին՝ ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամբարների, մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական անվտանգության, մրցունակ և ուժեղ պետության տեսքով: Պարտաճանաչորեն հարկ վճարելն այն նվազագույն գինն է, որն անհրաժեշտ է սեփական երկրում արարելու, ստեղծագործելու և հանրային բարեկեցությունն ապահովելու համար:
Հարգելի՛ հայրենակիցներ, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՊԵԿ-ը շեշտադրել է հարկ վճարողներին բարձրորակ ու թվայնացված, կարիքահեն ծառայությունների մատուցմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու կամավոր կարգապահության խթանմանն ուղղված աշխատանքները: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումն ու մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը ՊԵԿ-ի կարևոր առաջնահերթություններից են:
Հարգելի՛ հարկ վճարողներ, Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակելու է զբաղվել նաև ձեզ հուզող խնդիրների գույքագրմամբ և դրանց լուծումների ապահովմամբ: Կոմիտեի համար չափազանց կարևոր է, որ հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, շարունակաբար ավելացնեն շրջանառության ծավալները, բիզնեսի մասշտաբները՝ զերծ մնալով բյուրոկրատական ավելորդ գործընթացներից և վարչարարությունից բխող հնարավոր բոլոր տեսակի անհարմարություններից:
ՊԵԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումներն առավելապես ուղղված են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցմանը, իրավախախտումների կանխարգելմանը, ստվերի դեմ պայքարին, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխմանը, հարկ վճարողներին թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սպասարկման ծառայությունների տրամադրմանը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել կամավոր հարկային կարգապահությունը:
Համոզված եմ, որ ձեռնարկվող բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացումը, արհեստական ինտելեկտի գործիքակազմի առավել լայն կիրառումը կարճաժամկետ հեռանկարում թույլ կտան ունենալ հարկային և մաքսային արմատապես նոր համակարգ:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում են հարկային մուտքերը, բարձրանում է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակը, որը կարևոր պայմաններ է ստեղծում պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար: Հարկ վճարող-պետություն գործընկերային փոխըմբռնումը և միևնույն նպատակին ծառայելու ընկալումը անխուսափելիորեն տալիս են իրենց պտուղները:
Պետական եկամուտների կոմիտեի անունից ցանկանում եմ վերստին ընդգծել, որ հարկ վճարողների բարեխղճությունը և կարգապահությունը կշարունակեն արժանանալ պետության առանձնահատուկ վերաբերմունքին: Օրինապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը լինելու են բացարձակապես աննկատ, իսկ պետության հետ շփումը՝ առավել սահուն և անխոչընդոտ: Այդպիսով՝ օրինապահ հարկ վճարող կարգավիճակը ոչ միայն Սահմանադրությունից և օրենքներից բխող բնականոն վիճակ է, այլ նաև՝ խիստ «ձեռնտու»՝ ժամանակի և այլ ռեսուսների խնայման առումով:
Հարկերի հավաքագրումից զատ, պետության կարևորագույն գործառույթներից է նաև միջոցների նպատակային տնօրինումը: Պետությունը հարկ վճարողների հետ փոխվստահության մթնոլորտի ապահովման համար պետք է խնամքով վերաբերվի հարկ վճարողների վճարած յուրաքանչյուր դրամին՝ երաշխավորելով ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Համընդհանուր բարօրության և արդարության մթնոլորտի ապահովման գործում այս մոտեցումն այլընտրանք չունի: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին` պետության առաջընթացի գործում ունեցած անգնահատելի վաստակի համար:
Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայուն զարգացման»:
Կարծիքներ