Ծառուկյանն ուղերձով դիմել է Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձով դիմել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32 –րդ ամառային օլիմպիական խաղերը: Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց, որ ամենակարևորն է, պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:
Սիրելի՛ օլիմպիականներ,
Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32 –րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով կկատարեք հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը: Այն հեշտ ու հանգիստ չի եղել, ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են, և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ: Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է: Վերադարձե՛ք հաղթանակած: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ուղերձում:
Կարծիքներ