Հայերիս համար Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մնում է արդարության վերականգնման մշտական վկայություն. ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։
Այն հայերին և հայկականությունը ոչնչացնելու միևնույն շարժառիթներով, հայատյացության ու հայերի նկատմամբ ամբողջական անհանդուրժողականության միևնույն գաղափարախոսությամբ, խոշտանգումների, կտտանքների, սպանությունների, ունեզրկման ու հայրենազրկման միևնույն գործիքակազմով երկու թուրքական պետությունների կողմից համակարգված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։
Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու։
Իսկ հայերիս համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ։
Հիշում եմ և պահանջում»։
Կարծիքներ