Բորելը Մերձավոր Արևելքում «անհայտ մասշտաբների պատերազմի» վտանգ է տեսնում
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ հարկավոր է կանխել հերթական աղետը, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է՝ տարածաշրջանը կանգնեցնելով պատերազմի վտանգի առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի եզրին: Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը», - գրել է Բորելը։
Նա նշել է, որ հարկավոր է Գազայի հատվածում անմիջապես հրադադար հաստատել։
«Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ապաէսկալացման ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հավելել է Ժոզեպ Բորելը։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։
Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով, որ երկիրը «բարձր գին կվճարի» դրա համար։ Իսրայելը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։
Կարծիքներ