ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր
Բրյուսելում հոկտեմբերի 24-ին և 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտրի և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:
Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ ՀՀ-ից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման, ինչպես նաև արտահանման շուկաներում ՀՀ արդյունաբերությանն իր մրցունակ դիրքը պահպանելու նպատակով ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցերը։
Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, առևտրում տեխնիկական խոչընդոտներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն ու առնչվող այլ հարցեր:Նշվում է, որ նիստի ընթացքում «Վեճերի կարգավորում» (Dispute settlement) օրակարգային կետի ներքո ստորագրվել է Կոմիտեի որոշումը և ընդունվելու են համապատասխան հավելվածները` Վարքագծի կանոններ (Code of conduct), Հաշտարարության մեխանիզմ (Mediation mechanism), Ընթացակարգային կանոններ (Rules of Procedure) փաստաթղթերը։Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:
Կարծիքներ