Հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրով աշխատանք է տարվել շուրջ 1200 շահառուի հետ

Հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրով աշխատանք է տարվել շուրջ 1200 շահառուի հետ

Հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակում աշխատանք է տարվել շուրջ 1200 շահառուի հետ: ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ  Հակոբյանը նշեց, որ արդեն 4 ամիս է աշխատանքներն իրականացվում են: ՀՀ կառավարությունը ծրագրի իրականացման համակարգումը հանձնարարվել էր ՀՀ ԱԻՆ-ին:

«Ուզում եմ վստահեցնել, որ այդ ուղղությամբ աշխատանքները հետևողական տարվում են: Դժվարություններ առկա են, որոնք օրինաչափ են: Մեր հանրության համար բավական դժվար է հաշտվել հոգեբանական ծառայություն ձևակերպման հետ: Այդ առումով բարդություններ կան կոնտակտ ստեղծելու առումով: Ուզում եմ դիմել բոլորին ու խնդրել, օգնել ԱԻՆ-ին ու հոգեբաններին՝ հայտնաբերելու հոգեբանական աջակցության կարիք ունեցող մեր քաղաքացիներին»,-ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Ծրագրի շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքները, վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների մասնակիցները, այդ թվում, կամավորականները, տեղահանվածները:  Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը նշեց, որ այս թիրախային խմբերի համար իրականացվել է բավական լուրջ աշխատանք:

«Մոտ 1200 շահառուների կտրվածքով իրականացվել է 6 հազարից ավելի սեանս: Ծառայությունների մատուցումն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Մարզերում հոգեբանական շարժական խմբերը բավական ակտիվ աշխատանք են կատարում»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Մասնագետները հույս ունեն, որ պոտենցիալ շահառուներն ակտիվ կլինեն և կդիմեն ու մինչև տարեվերջ սպասարկված քաղաքացիների թիվը շատ ավելին կլինի:  ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ իրականում խնդիր կա, շատերը սովոր չեն հոգեբանների հետ աշխատանքին:

«Հարցերից մեկը այդ խարանի զգացումն է, որ կա հոգեբանական ծառայության նկատմամբ: Տրավմաների պարագայում մարդը սկզբում,կարծես, կորցնում է զգոնությունը և չի կարողանում իրականությունն ընդունել այնպես ինչպես կա: Մեր աշխատանքը միտված է նրան, որ կանխարգելենք ռիսկերը՝ ալկոհոլի չարաշահումը, ագրեսիվ վարքի դրսևորումը: Հայտնի փաստ է, եթե մենք տրավմաների ուղղությամբ աշխատանք չտանենք, ապա դրանք վերածվում են ապակառուցողական վարքի ձևերի, ինչպես օրինակ խաղամոլություն, ալկոհոլի չարաշահում, ագրեսիվ վարքի տարաբնույթ դրսևորումներ»,-ասաց Խաչատուր Գասպարյանը: Նրա հորդորեց ուշադիր լինել պատերազմի հետ անմիջական առնչվող անձանց նկատմամբ, խնդիրների դեպքում դիմել մասնագետներին:

Ծրագիրը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ: Մասնագետները պնդում են, որ ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն կա: Կշարունակվի՞ այն, թե ոչ, առայժմ պարզ չէ: ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ  Հակոբյանը նշեց, որ չի բացառվում, հնարավոր է շարունակվի, սակայն դեռ քննարկումներ չկան, որոշակի հստակեցումներ կլինեն տարվա վերջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում