ԵՄ-ում մեկնարկել է Ուկրաինայի անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը
Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։
Նա ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել է ԵՄ խորհուրդը նախագահող Ֆրանսիայի ԵՄ մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին։
«Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հանձնել եմ ԵՄ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Հայտը գրանցվել է։ Քննարկման ընթացակարգը սկսվել է»,- գրում է նա։
Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել Ուկրաինային անդամակցության հեռանկար տրամադրել, իսկ Սլովակիան առաջարկել է ստեղծել ԵՄ-ին Ուկրաինայի միանալու հատուկ ընթացակարգ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն անհնար է համարել Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ