Սիցիլիայում սկսվել են դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ միջազգային ֆիլմի նկարահանումները

Սիցիլիայում սկսվել են դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ միջազգային ֆիլմի նկարահանումները

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմն ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը և գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմել է․ «Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։

Ջեսիկա Վուդվորթն էլ նշել է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել: «Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,-ասել է նա:

Համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելը թվացել է անիրական, բայց բելգիացի և հայ համարտադրողների ու կինոկենտրոնի ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած նրան, որ տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հնարավորություն է տվել հայկական կողմին մաս կազմել նման մեծ նախագծի և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։ «Սա մեծ փորձ է նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար, տեսնելու որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է լինել մեծ նախագծի մաս և ունենալ հավասար մասնակցություն ստեղծագործական առումով։ Հայաստանը Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով կարողացավ նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին նման փորձն էր Հայաստանի համար, և ինչը հնարավորություն տվեց որոշակի գումարներ բերել Հայաստան»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում