Պատերազմի առնչությամբ քրգործով մեղադրյալ հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Դատախազություն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը։ 2020 թ․ դեկտեմբերի 11-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նշված դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի 11 զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որոնցից ինը զոհվել է, երկուսը՝ գերեվարվել:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա 2021 թ․ ապրիլի 30-ին հրաձգային գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2021 թվականի մայիսի 1-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր:
Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանի 2021 թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարծիքներ