Հարձակման է ենթարկված ԱՀ Ազգային ժողովի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում տեղադրվել է Ադրբեջանի դրոշը և սպառնալից գրառում արվել
Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Ազգային ժողովը:
«Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։ Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում՝ էջը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ, ըստ համացանցում տարածված լուսանկարների, ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջի լուսանկարները փոխվել են՝ տեղադրվելով Ադրբեջանի դրոշի լուսանկարները: Ինչպես նաև սպառնալիք պարունակող գրառում է հրապարակվել, որտեղ ասվում է. «Մենք կոչ ենք անում համայն հայությանը 168 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի գրավյալ տարածքները, հակառակ դեպքում ոչնչացվելու են բոլոր հայ զինծառայողները»:
Արցախի տեղեկատվական շտաբը ևս հայտարարություն է տարածել՝ իրազեկելով ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջի հաքերային հարձակման ենթարկվելու մասին: «Տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ: Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել»,- ասված է կոչ-հայտարարության մեջ:
Կարծիքներ