Հայտնի է՝ մինչև երբ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությունը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ:
Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, համերգասրահ և թատրոն:
Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային հաստատություն կապը, նպաստել երեխաների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը:
Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից: 2018 թվականին ծրագիրն իրականացվել է միայն թանգարաններ կատարած այցերով, 2019 թվականից թատրոնները և համերգասրահները ևս միացել են ծրագրին:
Կարծիքներ