Երեւանի քաղաքապետը պարգեւատրել է պարարվեստի մի շարք գործիչների
Պարի միջազգային օրվա առթիվ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների:
Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար:
«Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված է ազգային ավանդույթների, ծեսերի եւ մեր պայքարի հետ»,-նշել է քաղաքապետը:
Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ բարձր վարպետության համար` «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը եւ «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ի պարուսույց Ելենա Պավլիդինը պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի օգնական, բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու «Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ»-ի պարող Գոռ Գալուստյանն էլ արժանացել են Էրեբունի Երեւան 2800-ամյակի հուշամեդալի:
Պարարվեստի մի շարք գործիչներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրով։
Կարծիքներ