ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է. Փաշինյանն արձագանքել է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է. Փաշինյանն արձագանքել է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի խորհրդարանական խմբակցությունների այն հայտարարությանը, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ մարտի 14-ի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ստեփանակերտից հնչած հայտարարությունը և կա արդյոք որևէ փաստաթուղթ կամ քննարկումներ, որով Հայաստանը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը:

«Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պրոցեսները բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Վարչապետը հղում արեց հրապարակային օրինակների վրա: «Մյունխենում Ադրբեջանի նախագահը ինքն ասաց, որ կա պայմանավորվածություն, խոսքը միջազգային պայմանավորվածության մասին է, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցը: Սա ինքն է հայտարարել, որից հետո տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղում խաղաղպաահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Տեսանք, թե ինչպես ընդամենը մեկ ամսվա ընթացքում բառամթերքը փոխվեց: Խնդիրը բառամթերքը չէ, խնդիրը բովանդակությունն է, խնդիրը պայմանավորվածությունն է և դրանք շարունակաբար չպահպանելու՝ Ադրբեջանի գործելակերպն է:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու համար միջազգային մեխանիզմի ստեղծումը՝ վարչապետը նշեց, որ դա ևս մեկ պայմանավորվածություն է, որը Ադրբեջանի կողմից հերքվում է:

Վարչապետն անդրադարձավ նաև ստորագրվելիք որևէ փաստաթղթի առկայության վերաբերյալ հարցին. «Եթե չեմ սխալվում, նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցիալական հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է, թե հասեք, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ, եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1-2-3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն: Որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացով մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն արդյուն է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում