Պետք է ի ցույց դնենք անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ մեր կամքը․ Փաշինյան
Ադրբեջանը փորձում է կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը։ Եթե այդ կամքը մնաց ամուր և անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու Հայաստանի ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում, մենք պետք է անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ մեր կամքն ի ցույց դնենք։ Այս կամքն է ամենակարևորը, մնացածը, իմ կարծիքով, լուծվող հարցեր են։ Բնականաբար, ես չեմ ասում միայն կամքով է, բայց ամեն ինչ ի վերջո իրականության մեջ արտահայտվում է կամքով կամ դրա բացակայությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կարևոր է նկատել և գնահատել անկախ ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք ունեն արտաքին աղբյուր։ «Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա։ Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի ներսում կան նման դրսևորումներ, այդ դրսևորումներն ունեն միայն արտաքին աղբյուր։ Մենք՝ որպես պետություն, որպես հանրություն, պետք է ի վիճակի լինենք այդ երևույթները գնահատելու»,- նկատեց կառավարության ղեկավարը։
Նա կարևորեց նաև ապացուցելի դարձնելը, որ Հայաստանի սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում հնարավոր էսկալացիաների հեղինակը հայկական կողմը չէ։ «Հայաստանի սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք։ Լեռնային Ղարաբաղում նույնպես այդ գործիքը կա։ Հույս ունեմ, որ այդ մեխանիզմը պատշաճ կաշխատի, խոսքը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»,- ասաց Փաշինյանը։
Կարծիքներ