ՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսքերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։
«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։
Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։ «Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն», - նշել է ՌԴ նախագահը։
Կարծիքներ