Ողջունում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Ալիևը՝ Բայդենին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին հուլիսի 4-ի՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնող, միշտ քաղաքական կամք է դրսևորել խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի ցանկությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին։
Ես հավատում եմ, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները, որպես բարեկամներ և գործընկերներ, կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հաջողությամբ շարունակելու սերտ համագործակցությունը՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ ի շահ մեր երկրների և ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք՝ Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Կարծիքներ